MENU

VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍՈՒՄ  

51. Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

(51-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

52. Երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին գծանշման բացակայության դեպքում հանդիպակաց երթևեկության կողմ է համարվում երթևեկելի մասի լայնության ձախ կեսը` չհաշված երթևեկելի մասի լայնացումները (թափառքի և արգելակման գոտիներ, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար լայնացված տեղեր և այլն):

(52-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

53. Երկկողմ երթևեկությամբ չորս և ավելի գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է դուրս գալ ճանապարհի հանդիպակաց երթևեկության համար նախատեսված կողմը:

54. Երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար:

55. Բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում` 5.1` «Ավտոմայրուղի» կամ 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշաններով կահավորված ճանապարհներին կամ որտեղ թույլատրվում է երթևեկել 80 կմ/ժ ավելի արագությամբ, տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դրանք վարեն երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ: Այդ դեպքերում արգելվում է զբաղեցնել երթևեկության ձախ գոտիները` ազատ աջ գոտիների դեպքում:

56. Բնակավայրերում, հաշվի առնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի և կանոնների 55-րդ, 57-58-րդ ու 116-րդ կետերի պահանջները, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել իրենց համար հարմար երթևեկության գոտիով: Ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են բոլոր գոտիները, դրանք թույլատրվում է փոխել ձախ և աջ շրջադարձերից, հետադարձից, արգելքը շրջանցելուց կամ կանգառից առաջ: (56-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն)

57. Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար: Միակողմ երթևեկությամբ ճանապարհներին կանգառի կամ կայանման նպատակով ձախ եզրային գոտի դուրս գալն իրականացվում է կանոնների 79-րդ կետի պահանջներին համապատասխան:

(57-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)

58. Տրանսպորտային միջոցները, որոնց երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 40 կմ/ժ, կամ որոնք տեխնիկական պատճառներով չեն կարող զարգացնել այդպիսի արագություն, պետք է երթևեկեն աջ եզրային գոտիով` բացառությամբ շրջանցման, վազանցի կամ ձախ շրջադարձից, հետադարձից կամ թույլատրված դեպքերում ձախ կողմում կանգառ կատարելուց առաջ վերադասավորվելու դեպքերի:

(58-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

59. Երթևեկելի մասի ձախ կողմում նույն մակարդակի վրա գտնվող համընթաց ուղղության տրամվայի գծերով երթևեկել թույլատրվում է, եթե բոլոր գոտիներն այդ ուղղությամբ զբաղված են, ինչպես նաև վազանցի, արգելքը շրջանցելու, ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ` հաշվի առնելով կանոնների 40-րդ կետը: Ընդ որում, խոչընդոտ չպետք է ստեղծվի տրամվային: Եթե խաչմերուկից առաջ տեղադրված են 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանները, խաչմերուկում երթևեկությունը տրամվայի գծերով արգելվում է: Արգելվում է երթևեկել հանդիպակաց ուղղությամբ տրամվայի գծերով:

(59-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

60. Եթե երթևեկելի մասը գծանշմամբ բաժանված է գոտիների, ապա տրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է իրականացվի նշված գոտիներով: Ընդհատվող գծերը կարելի է հատել միայն վերադասավորվելիս:

61. Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով՝ բացառությամբ կանոնների 81-րդ կետում նշված դեպքերում մայթեզրին կայանելու նպատակով մանևրելիս: Թույլատրվում է, այլ հնարավորության բացակայության դեպքում, ճանապարհային և կոմունալ սպասարկման ծառայությունների մեքենաներին երթևեկել, իսկ անմիջապես ճանապարհի կողնակների, մայթերի կամ հետիոտնային արահետների մոտ տեղակայված առևտրային և այլ օբյեկտներ սպասարկող տրանսպորտային միջոցներին` ամենակարճ ճանապարհով մոտենալ դրանց` խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը:

(61-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն, խմբ., լրաց. 15.12.11 N 1798-Ն)

62. Վարորդը պետք է իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանի այնպիսի տարածություն, իսկ կողքով ընթացողներից` այնպիսի միջկողային տարածություն, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրանց հետ բախվելուց:

63. Բնակավայրերից դուրս յուրաքանչյուր ուղղության համար մեկ գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին արագության սահմանափակում կամ 7 մ ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների վարորդները մինչև առջևից ընթացող տրանսպորտային միջոցը պետք է ապահովեն այնպիսի տարածություն, որպեսզի իրենց վազանցող տրանսպորտային միջոցների վարորդներին հնարավորություն տան անհրաժեշտության դեպքում առանց խոչընդոտի վերադասավորվելու նախկինում զբաղեցրած գոտի: Այդ պահանջը չի գործում վազանցն արգելված ճանապարհահատվածներում, ինչպես նաև ինտենսիվ երթևեկության ժամանակ և կազմակերպված տրանսպորտային շարասյան կազմում երթևեկելիս:

64. Վարորդը երկկողմ երթևեկությամբ ճանապարհին, բաժանարար գոտու բացակայության դեպքում երթևեկելի մասում գտնվող անվտանգության կղզյակները, կարճասյուները և ճանապարհային կառույցների (կամուրջների, ուղեկամուրջների հենասյուներ և այլն) տարրերը պետք է շրջանցի աջ կողմից, եթե նշանները և գծանշումներն այլ բան չեն թելադրում:

(64-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)

 


57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն