MENU
Գլխավոր էջ » blog »  Սովորում ենք ճանապարհին ճիշտ նայել
Սովորում ենք ճանապարհին ճիշտ նայել

Ի տարբերություն ուսուցման համար նախատեսված փակ տարածքների՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթեւեկելիս երթեւեկության մասնակիցները ստիպված են հաշվի նստել այնպիսի բաների հետ, ինչպիսիք լուսացույցի ազդանշաններն են, ճանապարհային նշաններն ու գծանշումները, ավտոմեքենայի դիրքը ճանապարհին, երթեւեկության այլ մասնակիցների մտադրություններն ու գործողությունները: Ուստի՝ այս թեմային անդրադառնալուց առաջ ճիշտ կլինի լիարժեք սովորել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Նշենք, սակայն, որ թեեւ այդ կանոնների հիանալի իմացությունն ու դրանց պահպանումը անհարժեշտ են, բայց բավարար չեն. ՃԵԿ-ը երթեւեկության մասնակիցների համար միայն որոշում են երթեւեկության կարգը, բայց չեն ապահավում նրանց անվտանգությունը:

Այլ կերպ ասած.

Ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումը վարորդի համար երաշխավորում է իրավական անմեղությունը, բայց չի երաշխավորում պատահարներից խուսափումը:

Իր երթեւեկի անվտանգությունը կարող է ապահովել միայն վարորդը:

Իսկ դա նշանակում է հետեւյալը.

Անվտանգ երթեւեկության համար պետք է առաջնորդվել մի շարք լրացուցիչ կանոններով ու սկզբունքներով, որոնք դուրս են մնում ճանապարհային երթեւեկության կանոնների սահմաններից, բայց եւ չեն հակասում դրանց:

Հենց այդ ամենի մասին էլ խոսք կգնա հաջորդիվ:

Ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթեւեկության գլխավոր տարբերությունը մարզումային հրապարակներում պարապմունքներից վերաբերում է երթեւեկության այլ մասնակիցների առկայությանը՝ տրանսպորտային այլ միջոցների ու դրանց ուղեւորների, մայթերով ու մայթեզրերով քայլող, փողոցն անցնող հետիոտների ներկայությանը:

Ու եթե ուսումնական հրապարակում ձեզ ոչ ոք չի խանգարում, ապա այստեղ դուք պարտավոր եք երթեւեկության այլ մասնակիցներին տեղեկացնել ձեր մտադրությունների մասին՝ միացնելով շրջադարձի ցուցիչները:

Շրջադարձի ցուցիչների միացումը միայն կանոնների պահպանում չէ: Այն, իհարկե, երթեւեկության առավելություն չի տալիս, այլ բացառապես ինֆորմացնում է շրջապատին:  Այնպես որ՝ երթեւեկության ուղղությունը փոխելուց առաջ (մայթեզրից կամ կայանատեղիից շարժվելուց ու  մինչեւ շրջադարձ կամ վերադասավորում ) անպայման միացրեք շրջադարձի ցուցիչները:

Ընդ որում՝ դրանք պետք է միացնել վաղօրոք, բայց այնպես, որ երթեւեկության այլ մասնակիցները շփոթմունքի մեջ չհայտնվեն: Բացառություն են կազմում ճանապարհների` ցանկացած տիպի կորացումները, երբ շրջադարձն ընթացքի միակ տարբերակն է:

Նշենք, սակայն, որ երթևեկության մյուս մասնակիցներին պարզապես տեղեկացնելը բավարար չէ: Պետք է նրանց տեսնել ու հասկանալ` կխանգարե՞ք արդյոք նրանց ձեր գործողությամբ, թե՞ ոչ: Եթե կխանգարեք, ապա պիտի զիջեք, իսկ եթե ոչ, ապա կարող եք շարունակել մանեւրը:

Սկզբունքը խիստ պարզ է.

  • Եթե դուք կանգնած եք, իսկ նրանք արդեն ընթացքի մեջ են, ապա նրանք այդ իրավիճակում առավելություն ունեն:

  • Եթե երթեւեկության ընթացքում` մեքենաների հոսքում դուք վերադասավորվում եք այլ շարք, որով այլ մեքենաներ ուղիղ են ընթանում` առանց փոխելու իրենց երթեւեկության ուղղությունը, ապա այս իրավիճակում էլ նրանք առավելություն ունեն, քանի որ ընթանում են ու շարժման ուղղության փոփոխություն չեն կատարում` ի տարբերություն ձեզ:

Այս ամենը ֆիքսելու համար անչափ կարեւոր է ավտոմեքենայում լիարժեք տեսադաշտ ունենալու հարցը: Մեքենայի շուրջը կատարվող ամեն ինչին պետք է հետևել անընդհատ ու այդպիսով կառավարել ճանապարհային իրավիճակը: Մեքենայի առջեւում կատարվող ամեն ինչի հարցը հեշտ է «լուծվում». Ընթացքի ժամանակ վարորդի հայացքն անընդհատ մեքենայի դիմացի հատվածին է ուղղված, քանի որ դա վարորդի հայացքի գլխավոր ուղղությունն է: Այդ ուղղությունից հայացքը կարելի է շեղել 1վ-ից ոչ ավել ժամանակով:  Իսկ մեքենայի ետեւում ու շուրջը տեղի ունեցող իրադարձություններին/իրավիճակին վարորդը հետեւում է կողային ու սալոնում գտնվող հայելիների միջոցով:

Թե ինչպես դրանք ճիշտ կարգավորել` կարող եք ծանոթանալ «Ինչպես ճիշտ կարգավորել ավտոմեքենայի հայելիները»  հոդվածում:

Սակայն փաստը մնում է փաստ. ինչպես էլ թեքեք հայելիները, միևնույն է` մնում են «կույր գոտիներ» մեքենայի ետնամասում ու կողքի հատվածում: Դրանք մեքենային շուրջը գտնվող այն հատվածներն են, որոնք չեն երեւում հայելիներում ու դրանց կարելի է տեսնել միայն գլուխը թեքելով ու այդ ուղղությամբ հայացք ձգելով:

Ուստի` ցանկացած մանեւր կատարելուց առաջ անհրաժեշտ է ոչ միայն հպանցիկ հայացք ուղղել դեպի կողային հայելին, այլեւ`  կառավարել ավտոմեքենայի «կույր գոտին» գլխի պտույտով: Ընդ որում` պետք  է հիշել. մեքենայի առջեւի հատվածից հայացքի շեղումը չպիտի 1վ-ից ավել տեւի:

Այսպիսով, ցանկացած մանեւր կատարելիս գործողությունների ընդհանուր կարգն այսպիսին է.

  1. Ուղիղ ընթացք
  2. Շրջադարձի ցուցիչների միացում
  3. Հայացք հայելուն
  4. Գլխի շրջադարձ ու հայացք դեպի «կույր գոտի»
  5. Մանեւր (վերադասավորում, շրջադարձ, հետադարձ...)
  6. Շրջադարձի ցուցիչների անջատում
  7. Ուղիղ ընթացք` մեքենայի ետևի մասում կատարվող իրավիճակը վերահսկելու համար հայացքը պարբերաբար հայելիներին ուղղելով:

Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել արգելակման ժամանակ մեքենայի ետնամասում իրավիճակի վերահսկմանը:

Մանավանդ ծանրաբեռնված երթեւեկության պայմաններում ոչ բոլորն են պահպանում անհրաժեշտ տարածությունը մեքենաների միջեւ: Ուստի, երբ պատրաստվում եք արգելակել, մի՛ մոռացեք հայացք նետել հայելուն: Չէ՞ որ ետեւում գտնվող մեքենայի վարորդը պարզապես կարող է չսպասել ձեր արգելակմանն ու ինքն էլ չհասցնի արգելակել:

Առհասարակ, ճանապարհային իրավիճակը ճիշտ դիտարկելու համար քիչ է միայն ճանապարհին նայելը:

Պետք է ռացիոնալ բաշխել ուշադրությունը:

Իսկ ի՞նչ է նշանակում ու ինչ է իրենից ներկայացնում «ռացիոնալ նայելը»: Ներկայացնում ենք ստորեւ:

1. Ուշադրության կենտրոնացում սեփական ընթացքի ուղղությամբ

Սա անհրաժեշտ է այն բանի համար, որ մեքենան հստակ ընթանա նախատեսված հետագծին: Ընդ որում՝ անհրաժեշտ է նայել հնարավորինս առաջ: Քաղաքում ցանկալի է հնարավորինս տեսադաշտում պահել առջեւում ընթացող մի քանի մեքենան: Ընթացքի ուղղությունից հայացքը կարելի է թեքել, այն էլ միայն 1 վայրկյանով, այն դեպքում, երբ դուք վստահ եք, որ այդ ուղղությամբ ամեն բան կարգին է: Անգամ 1 վայրկյանի ը ընթացքում իրավիճակը կարող է էապես փոխվել:

2. Ուշադրության կենտրոնացում անվտանգության տեսանկյունից առավել կարեւոր օբյեկտների վրա

Օրինակ, չարժե ուշադրությունը սեւեռել գովազդային վահանակի վրա. Գովազդը վարորդի համար ինֆորմացիոն արժեք չի ներկայացնում: Իսկ այ տվյալ վահանակի ներքեւում գտնվող ճանապարհային նշանը կարող է շատ կարեւոր լինել: Հետիոտնային անցումների մերձակայքում էլ մեքենաների արգելակումը նկատելիս արժե ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք տվյալ վարորդը որեւէ հետիոտնի չի զիջում ճանապարհը:

3. Երթեւեկելի հատվածին հարող տարածքում տիրող իրավիճակի վերահսկում

Չի բացառվում, օրինակ, որ այնտեղ կարող են երեխաներ լինել, ովքեր վայրկյաններ անց կարող են փողոցում հայտնվել:

4. Մեքենայի շուրջ իրավիճակի վերահսկում

Սրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուր 10-15 վայրկյանը մեկ հայացքը գցել հետին տեսարանի հայելիներին: Բնականաբար, նշված ժամանակահատվածը դոգմա չէ ու կախված է մեքենաների հոսքից:

5 .«Կույր գոտու» պարբերաբար վերահսկում

Պարբերաբար, մանավանդ՝ վերադասավորումից առաջ, անհրաժեշտ է վերահսկել մեքենայի «կույր գոտին»՝ դեպի մանեւրի կողմը գլխի թեքումով: Այլ տարբերակ չկա:

6. Շրջապատում գտնվող` երթևեկության մյուս մասնակիցների ֆիքսում

Անհրաժեշտ է ֆիքսել ու հիշել երթևեկության ընթացքում շրջապատում գտնվող տրանսպորտային միջոցները: Օրինակ, դուք տեսնում եք, որ ձեր ավտոմեքենայի ետևից ընթանում է X-Drive ավտոդպրոցի մեքենան: Մտադրվում եք վերադասավորվել ու նկատում եք, որ  X-Drive ավտոդպրոցի մեքենան անհետացավ հայելիներում: Սա լուրջ առիթ ու պատճառ է` մեկ անգամ եւս հայացք գցել «կույր գոտուն» մինչ մանեւրը սկսելը:

Եվ վերջապես` ճանապարհին հետեւելուց բացի պետք է հիշել նաեւ սարքավորումների ցուցմունքների մասին ու պարբերաբար դրանց հետևել:

Մասնավորապես, խոսքը գնում է սպիդոմետրի ու տախոմետրի մասին: Տախոմետրի ցուցմունքը անչափ կարեւոր է շարժիչի պտույտները վերահսկելու համար, մանավանդ` արագացման, դանդաղեցման, շրջադարձերի անցման ու բարդ ճանպարհային պամաններում երթևեկության ժամանակ:

Համաչափ շարժման դեպքում ավելի հաճախ կարելի է նայել սպիդոմետրին: Սակայն այստեղ էլ պետք է հիշել, որ հայացքը պիտի ուղղված լինի ճանապարհին, ուստի` սարքավորումների ցուցմունքներին պետք է հետևել պերիֆերիկ տեսողությամբ:

Դիտումներ: 1093 | Տեգեր: սպիդոմետր, տախոմետր, անվտանգ երթեւեկություն, շրջադարձի ցուցիչներ, թույլատրելի տարածություն | Վարկանիշ : 5.0/1



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9