MENU
Գլխավոր էջ » blog »  Սկսնակ վարորդների տիպիկ սխալները
Սկսնակ վարորդների տիպիկ սխալները

Մեր օրերում վարորդական իրավունքի վկայականը դարձել է անձնագրի կարգի փաստաթուղթ, երբեմն նույնիսկ ավելին: Ու շատ սկսնակ վարորդներ, ավտովարման դասընթացներն ավարտելուց հետո վարորդական իրավունքի վկայական ստանալով, կարծում են, որ արդեն փորձառու ավտոմոբիլիստներ են:

Այսպիսի ավելորդ ինքնավստահությունը վարորդական իրավունքի վկայական ստացած սկսնակ շատ ավտոսիրահարների սխալներից է:

Օրինակները շատ են. մեր ճանապարհներին ամեն օր տեղի են ունենում տասնյակ վթաներ, ու դրանց գերակշռող մեծամասնությունը սկսնակ վարորդների մասնակցությամբ է:

Սկսնակ վարորդների մեծամասնությունն, ի տարբերություն ստաժ ունեցողների, սխալներ է կատարում վարման ընթացքում:

Դիտարկենք սկսնակ վարորդների տիպիկ սխալները:

Ամենատարածված սխաներից մեկն անուշադրությունն է ղեկի մոտ: Շատ սկսնակ վարորդներ շեղվում են վարելու ժամանակ. խոսում են բջջային հեռախոսով, երաժշտություն են ընտրում մագնիտոլայում, իսկ առանձնահատուկ «շնորհալիները» կարողանում են SMS-ներ գրել: Անշուշտ, դա խիստ շեղում է ուշադրությունը ճանապարհից: Շատ դեպքերում վթարի պատճառը հատկապես անուշադրությունն է, ասել է թե՝ վարորդի՝ «առավել կարեւոր» գործեր անելը:

Ոչ պակաս կարեւոր է վարորդի նստելաձեւը ղեկի մոտ: Գաղտնիք չէ, որ վարորդներն անփույթ են իրենց պահում վարելիս: Բռնում են ղեկը ներքեւից, վարում են մեկ ձեռքով, զուգահեռ հայացք են գցում՝ արդյո՞ք մյուս վարորդները տեսնում են, թե ինչ «զիլ» են իրենք վարում:

Վարելու ընթացքում պետք է իրեն հարմար դիրք ընդունել, որպեսզի ցանկացած պահին կարողանաք արագ արձագանքել ճանապարհին փոխվող իրադրությանը: Պետք չէ ղեկը պինդ սեղմել ու լարվել ողջ մարմնով: Դա բերում է գերհոգնածության եւ թուլացնում է ուշադրությունը:

Սկսնակ վարորդների տարածված սխալներից է սեփական հնարավորությունների գերագնահատումը:

Ինչպես ասում են. «Ո՞վ չի սիրում արագ քշել»: Սակայն սկսնակ ավտոսիրողները, բացի արագ վարելուց, սիրում են նաեւ իրենց ցուցադրել: Ասենք, «չեն նկատում» ճանապարհային նշանը, անցնում են կարմիր լույսի ներքո կամ այլ ավտոմեքենաների ճանապարհն են արգելափակում: Ու որն ամենացավալին է՝ հաճախ դա անում են գիտակցաբար, ու դրանով բացարձակ անհարկի վտանգավոր իրավիճակ են ստեղծում ճանապարհներին, հրահրում են վթարներ:

Հաջորդ սխալը արագության բարձրացում/գերազանցումն է: Իհարկե, բոլոր վարորդներն էլ բարձրացնում են արագությունը, բայց հատկապես սկսնակները դա անում են ավելի հաճախ ու որտեղ պատահի, օրինակ՝ քաղաքի ամենաբանուկ փողոցներում: Իսկ ի՞նչ կհաջորդի դրան՝ հաշվի առնելով վարորդի անփորձությունը, X-Drive ավտոդպրոցի փորձառու մասնագետների կարծիքով հեշտ է ենթադրել:

Հաճախ անփորձ վարորդները չեն զգում ոտնակները, կտրուկ արագություն են հավաքում եւ նույնքան կտրուկ արգելակում: Դա նյարդայնացնում է երթեւեկության՝ հետեւից ընթացող մասնակիցներին: Ուստի, պետք չէ կտրուկ սեղմել գազին ու պետք է աշխատել պահպանել տարածությունը:

Սկսնակ վարորդները հաճախ են սխալվում շրջադարձ կատարելիս: Հիմնական սխալը բարձր արագությամբ շրջադարձի մտնելն է: Այդ վիճակում բարդ է պահել մեքենան կայուն վիճակում ու պտտել ղեկը: Դրա հետեւանքն էլ մեքենայի՝ ճանապարհից դուրս կամ հանդիպակաց շարքում հայտնվելն է:

Շրջադարձ կատարելիս չի կարելի ո՛չ արգելակել, ոչ էլ փոխել փոխանցումները: Եթե տեղապտույտ է, ապա այդ վիճակից կարելի է  դուրս գալ՝ գազի ոտնակին դանդաղ սեղմելով եւ ղեկը հանգիստ պտտելով:

Չի կարելի երկարատեւ վայրընթաց ճանապարհը գլորումով անցնել, քանի որ հետո պետք կլինի օգտագործել աշխատանքային արգելակը, ինչն էլ կբերի արգելակային կողճակների գերտաքացմանն ու դրանց արդյունավետության իջեցմանը:

Հաջորդ սխալը մեքենայի գերբեռնավորումն է: Հաճախ երիտասարդ վարորդները երթեւեկում են ընկերների հետ՝ ծանրաբեռնելով մեքենան թույլատրելիից ավելի: Սակայն ուղեւորների այդ քանակն անգամ սկսնակ վարորդի երթեւեկն ավելի զգույշ չի դարձնում, անգամ հակառակը: Ընկերների ներկայությամբ սկսնակներն իրենց ավելի ազատ են պահում: Վարորդն, ով իր հետ ուղեւոր է վերցրել, պետք է նրա կյանքի համար ավելի պատասխանատու լինի, քան սեփականի:

Հաճախ ավտոսիրողները անտեսում են անվտանգության գոտիները, կամ էլ կապում են շատ ձիգ: Վտանգավոր են երկու տարբերակներն էլ: Առաջին դեպում մեծ է ծանր վնասվածք ստանալու վտանգը ՃՏՊ-ի ժամանակ, երկրորդ դեպքում էլ անհարմար է մեքենան կառավարելը: Անվտանգության գոտին անհրաժեշտ է կիրառել միշտ, սակայն այն չպիտի խանգարի շարժումներին ու ոչ էլ պիտի կախված լինի:

Սկսնակ վարորդները հաճախ մոռանում են այն մասին, որ մեծ արագությամբ մանրախիճ ճանապարհներով երթեւեկել չի կարելի:

X Drive ավտոդպրոցի փորձառու ինստրուկտորները խորհուրդ են տալիս մանրախիճ ճանապարհներին երթեւեկել առավելագույն՝ 60կմ/ժ արագությամբ: Բարձր արագության դեպքում նվազում է մեքենայի անիվների հպարգելումը ճանապարհին, ինչը կարող է հանգեցնել նրան, որ վարորդը կորցնի կառավարումն ու անգամ մեքենան կարող է կողաշրջվել:

Վարորդական իրավունքի վկայական ստացած սկսնակ վարորդները, մեծամասամբ, չեն կարողանում իրենց կառավարել արտակարգ իրավիճակներում: Առավել բարդանում է վիճակը, երբ մեքենան ընթանում է բարձր արագությամբ: Ու միայն ժամանակի հետ են գալիս փորձը եւ ճիշտ կողմնորոշվելու կարողությունը բարդ իրավիճակներում:

Իսկ մինչ այդ պետք է զգույշ լինել, քանի որ նժարին դրված է ամենակարեւորը՝ կյանքը: Հաջողություն ճանապարհներին:

Դիտումներ: 626 | Տեգեր: վարման սխալներ, սկսնակ վարորդ, վարորդական իրավունքի վկայական, նստելաձեւ ղեկի մոտ | Վարկանիշ : 5.0/3



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9