MENU
Գլխավոր էջ » blog »  Ինքնուրույն կարգավորում ենք ավտոմեքենայի լուսարձակների լույսերը
Ինքնուրույն կարգավորում ենք ավտոմեքենայի լուսարձակների լույսերը

Ներկայումս շատ ու շատ ավտոմեքենաներ հագեցած են հիմնական և լրացուցիչ լույսերի համար ժամանակակից, խիստ պայծառ լամպերով: Դա հանգեցնում է նրան, որ ուժեղ լուսային հոսքը պարզապես կուրացնում է հանդիպակաց ավտոմեքենաների վարորդներին, ինչն էլ վթարային իրավիճակ կարող է ստեղծել:

Հանդիպակաց գծով երթևեկող վարորդների կուրացման պատճառով վթարային իրավիճակի ստեղծման  հավանականությունը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև՝ ավտոմեքենայի առջևում լուսավորված տարածությունը չկրճատելու համար անհրաժեշտ է կատարել լուսարձակների կարգավորում:

Այս սարքով են ստուգում և կարգավորում բոլոր ավտոմեքենաների լուսարձակները սպասարկման կայաններում:

Լուսարձակների կարգավորումը անհրաժեշտ է կատարել լուսարձակները փոխելու ու լուսարձակներում լամպերը փոխելու դեպքերում: 

Բացի այդ, X-Drive ավտոմոտոդպրոցի փորձառու մասնագետները խորհուրդ են տալիս կարգավորել լուսարձակների լույսը նաև  հակամառախուղային լուսարձակներ տեղադրելիս: 

Չի խանգարի ստուգել լուսարձակների կանոնավորումը դիմակախոցի մասերը վերանորոգելուց հետո:

Լուսարձակների լույսի կարգավորման ձևերը և միջոցները

Ոչ բոլոր վարորդները գիտեն՝ ինչպես ճիշտ կարգավորել լուսարձակները, ինչը բերում է նրանց ոչ ճիշտ լուսարձակման:

Ուստի, եթե ինքնուրույն կարգավորելու հնարավորություն չունեք (փորձ չունեք կամ, օրինակ, համապատասխան տարածք), կարելի է օգտվել Տեխնիկական սպասարկման կայանների (ՏՍԿ) ծառայություններից:

Այնտեղ շատ հաճախ օգտագործում են  լուսարձակների կարգավորման համար սարքը: Բացի այդ, եթե դուք առաջին անգամ եք կատարել լուսարձակների կարգավորում, ապա իմաստ ունի այն ստուգել ՏՍԿ-ում: Դա թույլ կտա  հետագայում ավելի վստահ կատարել այդ աշխատանքը:

Ինքնուրույն կարգավորում

Լուսարձակների լույսի ինքնուրույնկարգավորումը, որպես կանոն, կատարվում է ստանդարտ սխեմայով: Սակայն լամպերի և ավտոմեքենանորի որոշ արտադրողներ առաջարկում են սեփական ընթացակարգը: Լուսարձակների կարգավորման սխեման կցվում է ավտոմեքենայի կամ լամպի տեխնիկական փաստաթղթերին:

Այստեղ մենք ձեզ կներկայացնենք կարգավորման ունիվերսալ մեթոդը, որը հարմար է ավտոմեքենաների մեծամասնությանը: 

Այս գործընթացի համար ձեզ անհրաժեշտ է.

  • հարթ ուղղահայաց պատ, որը կօգտագործվի որպես ստենդ
  • հարթ հորիզոնական այնպիսի տարածք պատի դիմաց, որ ավտոմեքենան կանգնի պատից 7-10մ հեռավորության վրա
  • կավիճ՝ նշագծման համար

Հիմնական լույսը կարգավորելու նյուանսները

Այսպիսի տեսք ունի լուսարձակների լույսի կարգավորված հոսքը գործնականում:

Կարգավորման գործընթացից անմիջապես առաջ անհրաժեշտ է համոզվել, որ անվադողերը համապատասխանում են տեխնիկական պահանջներին, ավտոմեքենան հավասարարչափ է ծանրաբեռնված (որևէ առանցքի վրա գերբեռնվածություն չկա ), իսկ կախոցի մասերն էլ էական դեֆեկտներ չունեն, որոնք կբերեին մեքենայի դիրքի շեղմանը ճանապարհի համեմատ:

Ավտոմեքենաների շատ արտադրողներ խորհուրդ են տալիս՝ մեքենայի բակը կիսով չափ լցնել:

Կարգավորումից առաջ համոզվեք նաև, որ լուսարձակների լամպերը վնասված չեն, հակառակ դեպքում ոչ մի կարգավորում օգուտ չի ունենա:

Եթե ձեր ավտոմեքենան աջակողմյա ղեկով է, հիշեք, որ այդ մեքենաներում օգտագործվում են փոքր ինչ այլ լամպեր: Մեկ այլ նրբություն կա կարգավորման հարցում. Կարգավորման գործընթացի այս կամ այն կերպ կատարումը կախված է այն բանից, թե ձեր լամպերը առանձնացված են, թե համակցված:

Համակցված են այն լամպերը, որոնցում համակցված են մոտակա և հեռահար լույսերը: Իսկ առանձնացվածի դեպքում մի լամպը մոտակա լույսի համար է, մյուսը միայն հեռահար: Առանձնացված լամպերը կարգավորվում են ամեն տիպի համար առանձին, իսկ համակցվածները կարգավորվում են միայն մոտակա լույսով:

Լուսարձակների լույսի կարգավորման ընթացակարգը

Այսպիսին է լուսարձակների լույսի կարգավորման սխեման

Ինչպե՞ս կարգավորել լուսարձակները: 

Մեքենան կանգնեցրեք ուղղահայաց պատից 5-10 մ հեռավորության վրա: Լուսարձակներից մեկը ծածկեք ստվարաթղթով կամ այլ` լույս չթափանցող իրով:

Պատի վրա նշագծում արեք՝ պատի վրա նշելով լուսարձակների կենտրոններին և ավտոմեքենայի սիմմետրիայի կենտրոնին համապատասխանող կետերը:

Այդ կետերը միացրեք #1 գծով: #2 գիծն անցկացրեք առաջինին ու զուգահեռ ու դրանից ցածր՝  5-ից 12 սմ հեռավորության վրա (կախված ավտոմեքենայի մոդելից):

Այնուհետև համանման ձևով անցկացրեք 3-րդ գիծը՝ առաջինից 22 սմ ներքև:  

Բացի նշված հորիզոնական գծերից, լուսարձակների կենտրոնների և ավտոմեքենայի սիմմետրիայի կենտրոնի կետերով գծեք ուղղահայաց գծեր:

Միացեք լուսարձակի մոտակա լույսը: Լուսային հետքի վերևի սահմանը պետք է լինի երկրորդ գծի վրա:

Եթե մեքենան ունի հակամառախուղային լույսեր, ապա դրանց հետքի վերին սահմանը պետք է բարձր չլինի երրորդ գծից:

Բացի վերևի սահմանից, անհրաժեշտ է ստուգել մայթեզրի լուսավորությունն ապահովող աջ լուսարձակի լույսի ճառագայթի թեքությունը: Թեք ճառագայթը պետք է դուրս գա 2-րդ հորիզոնական գծի և յուրաքանչյուր լուսարձակի կենտրոնով անցնող ուղղահայաց գծի հատման կետից: Եթե համընկնում չկա, ապա անհրաժեշտ է կարգավորող պտուտակներով ուղղել լուսարձակների դիրքն այնպես, որ լույսի ճառագայթները համապատասխանեն նշված պայմաններին:  

Ավտոմեքենաներում այդ պտուտակները հիմնականում գտնվում են լուսարձակների ներքին մակերեսին: Որպես կանոն, կարգավորման համար կան երկու պտուտակներ: Առաջինը  լուսարձակի թեքությունը կարգավորող պտուտակն է, այսինքն՝ դրա միջոցով ճշգրտվում է լուսային հոսքի վերին սահմանը հորիզոնական գծով: Այդ պտուտակը գտնվում է լուսարձակից կամ վերև կամ ներքև: Երկրորդ պտուտակը  պատասխանատու է լուսային հոսքի աջ մասի իջեցման կամ բարձրացման համար ու գտնվում է լուսարձակի կողքամասում:

Եթե լուսարձակը առանձնացված տիպի է, ապա տիպերից յուրաքանչյուրը կարգավորվում է առանձին: Դրա համար անհրաժեշտ է նշագծել պատի վրա  լուսարձակի հեռահար լույսի կենտրոնները, տանել նրանցով ուղղահայաց գծեր, ապա դրանք միացնել հորիզոնական գծով՝ առաջինից 5 սմ բարձր: 

Ահա լուսարձակների կարգավորման ողջ ընթացքը: Այն կատարելով, դուք ոչ միայն կխնայեք հանդիպակաց մեքենաների վարորդների աչքերն ու տեսողությունը, այլ նաև էապես կմեծացնեք ավտոմեքենայի լուսարձակներով լուսավորված ճանապարհը:

Դիտումներ: 1660 | Տեգեր: լուսարձակների կարգավորում, կարգավորում, անվտանգ երթեւեկություն, ինքնուրույն կարգավորում, մոտակա լույս, հեռակա լույս | Վարկանիշ : 5.0/1



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9