MENU

II. ԼՈՒՍԱՑՈՒՅՑԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ (նկար 1)  

4. Լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:

5. Կախված գործածման նպատակից` լուսացույցները լինում են տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորող, իսկ դրանց ազդանշանները` կլոր (առանց պատկերի), ինչպես նաև պատկերներով` սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքով և «X»-աձև:

6. Կլոր ազդանշաններով լուսացույցները կարող են ունենալ մեկ կամ երկու կանաչ սլաքի (սլաքների) տեսքով ազդանշաններով լրացուցիչ մասեր (սեկցիաներ), որոնք տեղադրվում են կանաչ ազդանշանի մակարդակի վրա:

7. Լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).

2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը.

3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքի) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.

4) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին.

5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև՝ թարթող, արգելում է երթևեկությունը (կարմիր ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).

6) կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումն արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին:

(7-րդ կետը լրաց., փոփ. 15.12.11 N 1798-Ն)

8. Լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ գույների սլաքների տեսքով ազդանշաններն ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի կլոր ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքներով նշված ուղղության (ուղղությունների) վրա: Այդ դեպքում ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով: Նույն նշանակությունն ունի լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը: Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանն արգելում է երթևեկությունն այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ:

9. Կարմիր և դեղին գույների սլաքների փոխարեն կարող են օգտագործվել սև ուրվագծային սլաքներով նույն նշանակությունն ունեցող կարմիր և դեղին կլոր ազդանշաններ:

10. Լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը (սլաքները) վարորդներին տեղեկացնում է լրացուցիչ սեկցիայի առկայության մասին և ցույց տալիս թույլատրված երթևեկության այնպիսի ուղղություններ, որոնք նախատեսված չեն լրացուցիչ սեկցիայի ազդանշանով:

(10-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

11. Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում են հեծանիվի, իսկ հետիոտների տեղաշարժը` հետիոտնի ուրվապատկերների տեսքով լուսացույցի ազդանշաններ: Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացրած չափերի կլոր ազդանշաններով լուսացույց` հեծանիվի ուրվապատկերով ցուցանակի հետ միասին:

(11-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)

12. Ճանապարհների վրա կույր հետիոտների հաճախակի հայտնվելու վայրերում, երթևեկելի մասը հատելու հնարավորության մասին նրանց տեղեկացնելու համար լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը կարող է ուղեկցվել տրանսպորտային միջոցների ձայնային (հատուկ) ազդանշաններից տարբերվող ձայնային ազդանշանով:

(12-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

13. Տրանսպորտային միջոցների երթևեկությունը երթևեկելի մասի առանձին գոտիներով կարգավորելու համար, մասնավորապես, այն գոտիների, որոնցով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի, կիրառվում են դարձափոխային լուսացույցներ` «X»-աձև կարմիր և դեպի ներքև ուղղված սլաքի տեսքով` կանաչ ազդանշաններով, որոնք համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտիով, որի վերևում տեղակայված են: Դարձափոխային լուսացույցների հիմնական ազդանշանները կարող են լրացվել անկյունագծով դեպի ներքև` աջ կամ ձախ ուղղված սլաքի տեսքով` դեղին ազդանշանով, որի միացումը տեղեկացնում է ազդանշանի փոխվելու և դեպի սլաքով նշված գոտի վերադասավորվելու անհրաժեշտության մասին: Եթե երկու կողմից 1.9 գծանշմամբ նշված գոտու վերևում տեղակայված դարձափոխային լուսացույցի ազդանշաններն անջատված են, ապա մուտքն այդ գոտի արգելված է:

14. Տրամվայների, ինչպես նաև առանձնացված գոտիով երթևեկող ընդհանուր օգտագործման այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կարող են կիրառվել «T»-աձև դասավորված միագույն, լուսնասպիտակ չորս կլոր ազդանշաններ ունեցող լուսացույցներ: Երթևեկությունը թույլատրվում է միայն ներքևի և վերևի ազդանշաններից մեկի կամ մի քանիսի միաժամանակ միացված լինելու դեպքում, ընդ որում, ձախը թույլատրում է երթևեկությունը դեպի ձախ, միջինը` ուղիղ, իսկ աջը` դեպի աջ: Եթե լուսացույցի վերևի մեկ կամ մի քանի ազդանշաններ միացված են առանց ներքևի ազդանշանի, ապա երթևեկությունն արգելված է:

15. Երկաթուղային գծանցի վրա տեղակայված կլոր լուսնասպիտակ թարթող ազդանշանը թույլատրում է, իսկ կարմիրը` արգելում տրանսպորտային միջոցների երթևեկությունը գծանցով: Եթե թարթող լուսնասպիտակ և կարմիր ազդանշաններն անջատված են, ապա երթևեկությունը թույլատրվում է տեսանելիության սահմաններում` մոտեցող գնացքի

(լոկոմոտիվի, երկաթուղային սայլակի) բացակայության դեպքում: (15-րդ կետը լրաց. 15.12.11 N 1798-Ն)

16. Կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

1) ձեռքը բարձրացված է դեպի վեր` տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված է` բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են` ա. ձախ և աջ կողմերից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է ուղիղ և դեպի աջ, տրամվայինը` ուղիղ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից, բ. թիկունքի և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված են.

3) աջ ձեռքը պարզված է առաջ` ա. ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է բոլոր ուղղություններով, տրամվայինը` դեպի ձախ, բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է դեպի աջ, գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է, դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:

(16-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)

17. Ազդանշանների լավ տեսանելիության համար կարգավորողը կարող է օգտագործել ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսանդրադարձիչ սկավառակով, իսկ երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար` ազդանշան տալ նաև սուլիչով: Կարգավորողը կարող է ձեռքով տալ վարորդների ու հետիոտների համար հասկանալի նաև այլ ազդանշաններ:

18. Լուսացույցի (բացի դարձափոխայինից) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշանի) առջև, իսկ դրա բացակայության դեպքում` 1) հատվող երթևեկելի մասի առջև` հաշվի առնելով կանոնների 93-րդ կետը, խոչընդոտ չստեղծելով հետիոտների համար. 2) երկաթուղային գծանցից առաջ` կանոնների 111-րդ կետի պահանջներին համապատասխան. 3) այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով թույլատրելի ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:

(18-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն)

19. Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:

20. Վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի կարգադրությունների և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:

21. Երկաթուղային գծանցներում լուսացույցի կարմիր թարթող ազդանշանի հետ միաժամանակ կարող է տրվել նաև ձայնային ազդանշան, որը երթևեկության մասնակիցներին լրացուցիչ տեղեկացնում է գծանցով երթևեկությունն արգելելու մասին:  

III. ՎԹԱՐԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԵՎ «ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ  

22. Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`

1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.

2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.

 3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.

4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):

Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:

23. Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`

1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.

2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:

 

Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:

24. Վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:

25. Արգելվում է առավելություն ստանալու, ինչպես նաև կանգառն արգելված վայրերում կանգառ կատարելու (բացառությամբ հարկադրված կանգառի) նպատակով վթարային ազդանշանի օգտագործումը: (25-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)  

IV. ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ  

26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով:

(26-րդ կետը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն)

27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության տրանսպորտային միջոցների վրա կարող է միացված լինել նաև կարմիր գույնի առկայծող փարոսիկ:

28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

(28-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն)

29. Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

30. Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:

(30-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)

31. Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:

(31-րդ կետը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)

32. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:

33. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները պետք է միացված լինեն`  

1) այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ.

2) կանոնների 163-րդ կետով սահմանված ցուցանիշները գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա.

3) վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրող ու դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա:

(33-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)

34. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 42-րդ, 55-60-րդ, 63-րդ և 116-րդ կետերի, գծանշումների և նշանների պահանջները` բացառությամբ 2.2` «Գլխավոր ճանապարհի վերջ», 2.4` «Զիջեք ճանապարհը», 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.17.2` «Վտանգ», 3.20` «Վազանցն արգելվում է» ճանապարհային նշանների: Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 60-րդ կետի և գծանշումների պահանջները:

(34-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)

35. Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել, ընդ որում, հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում: Այդ փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս ու ծառայում են միայն ոստիկանության ծառայողների և այլ անձանց  ուշադրությունը գրավելու համար:

 

 

(նկար 1)  


57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն