MENU

V. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԵՎ ՄԱՆԵՎՐՈՒՄԸ  

36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:

(36-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն, փոփ. 15.12.11 N 1798-Ն)

37. Ձախ շրջադարձի (հետադարձի) ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված ձախ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված աջ ձեռքը: Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված աջ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված ձախ ձեռքը: Արգելակման ազդանշանին համապատասխանում է դեպի վեր պարզված աջ կամ ձախ ձեռքը:

38. Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս՝ վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հեծանվորդներին: Երկու դեպքում էլ չպետք է ստեղծվի խոչընդոտ հետիոտների համար:

(38-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)

39. Վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու երթևեկող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:

(39-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

40. Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.

2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից.

3) հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով: Երթևեկելի մասի ձախ կողմում, նույն մակարդակի վրա համընթաց ուղղության տրամվայի գծերի առկայության դեպքում, ձախ շրջադարձը և հետադարձը պետք է կատարվեն այդ գծերի վրայից, եթե 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշաններով կամ էլ 1.18 գծանշմամբ երթևեկության այլ կարգավորում նախատեսված չէ: Այդ դեպքում չպետք է խոչընդոտ ստեղծվի տրամվային:

(40-րդ կետը լրաց., փոփ. 15.12.11 N 1798-Ն)

41. Շրջադարձը պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի երթևեկության հանդիպակաց կողմում: Աջ շրջադարձի ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ:

(41-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

42. Շրջադարձը դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը հայտնվի աջ եզրային մասում, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է վերադասավորվել, եթե վարորդը համոզված է, որ տվյալ ուղղությամբ երթևեկությունը թույլատրվում է նաև այլ գոտիով:

(42-րդ կետը լրաց., փոփ. 15.12.11 N 1798-Ն)

43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: (43-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)

44. Խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվային:

(44-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

45. Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը, որին տրանսպորտային միջոց է մոտենում աջից:

46. Եթե հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ճանապարհը պետք է զիջի իր առջևում խոչընդոտ ունեցող վարորդը: 1.13` «Կտրուկ վայրէջք» և 1.14` «Կտրուկ վերելք» նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:

(46-րդ կետը լրաց. 15.12.11 N 1798-Ն)

47. Արգելակման գոտու առկայության դեպքում շրջադարձ կատարելու մտադրություն ունեցող վարորդը պետք է նախապես վերադասավորվի այդ գոտի, որտեղ միայն իջեցնի արագությունը: Ճանապարհ մուտք գործելու վայրում, թափառքի գոտու առկայության դեպքում վարորդը պետք է շարունակի երթևեկել դրանով և վերադասավորվի հարևան գոտի` զիջելով ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:

(47-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

48. Տրանսպորտային միջոցների հետընթացը թույլատրվում է, եթե դրա կատարումն անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար: Անհրաժեշտության դեպքում վարորդը պետք է դիմի այլ անձանց օգնությանը:

49. Հետընթացն արգելվում է խաչմերուկներում, մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս և կանոնների 50-րդ կետում թվարկված տեղերում:

50. Հետադարձն արգելվում է`

1) հետիոտնային անցումների վրա.

2) թունելներում.

3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.

4) երկաթուղային գծանցներում.

5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.

6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.

7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:

 


57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն