MENU

XVI. ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ  

127. Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`

1) բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).

2) կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:

128. Լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի`

1) բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է.

2) հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եթե այդ տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին, ապա ավելի մեծ հեռավորության վրա.

3) ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:

(128-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն, փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն)

129. Շլանալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և չփոխելով երթևեկության գոտին, իջեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնի:

130. Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում, իսկ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, կանգառի և կայանման դեպքում պետք է միացված լինեն տրանսպորտային միջոցի եզրաչափային լույսերը: Անբավարար տեսանելիության պայմաններում եզրաչափային լույսերի հետ լրացուցիչ կարող են միացվել նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները:

(130-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)

131. Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել միայն անբավարար տեսանելիության պայմաններում:

132. Հակամառախուղային լապտերները երթևեկող տրանսպորտային միջոցների վրա կարող են օգտագործվել`

1) օրվա մութ ժամանակ ճանապարհների չլուսավորված հատվածներում` մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.

2) անբավարար տեսանելիության պայմաններում` ինչպես առանձին, այնպես էլ լապտերների մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.

3) լապտերների մոտակա լույսի փոխարեն` կանոնների 133-րդ կետում նախատեսված դեպքերում:

(132-րդ կետը լրաց. 15.12.11 N 1798-Ն)

133. Օրվա լուսավոր ժամերին երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի`

1) մոտոցիկլների և մոպեդների վրա.

2) կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.

3) հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

4) երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.

5) մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելիս.

6) մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս

(քարշակող տրանսպորտային միջոցի վրա):

134. Լապտեր-լուսարձակ և փնտրող լապտեր թույլատրվում է օգտագործել միայն բնակավայրերից դուրս` հանդիպակաց և համընթաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում: Բնակավայրերում այդպիսի լապտերներից կարող են օգտվել միայն սահմանված կարգով կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշանով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները` ծառայողական առաջադրանք կատարելիս:

(134-րդ կետը լրաց. 15.12.11 N 1798-Ն)

135. «Ավտոգնացք» ճանաչման նշանը պետք է միացված լինի երթևեկության մեջ գտնվող ավտոգնացքի վրա (բացառությամբ կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլների), իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, հաշվի առնելով կանոնների 130-րդ կետի պահանջները, նաև կանգառի և կայանման ժամանակ:

(135-րդ կետը փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն)

136. Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

1) բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.

2) այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

137. Վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է օրվա լուսավոր ժամանակ լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը, իսկ օրվա մութ ժամանակ` լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի:

 


57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն