MENU
Գլխավոր էջ » blog »  Ինչպե՞ս ճիշտ կարգավորել նստելատեղը
Ինչպե՞ս ճիշտ կարգավորել նստելատեղը

Ցանկացած՝ նույնիսկ ամենակարճ ուղևորություն սկսվում է ղեկի մոտ ճիշտ նստելուց:

Իսկ արդեն դրանից է կախված ո՛չ միայն վարորդի հարմարավետությունն ու ուշ հոգնելը, այլև՝ առողջությունն ու անվտանգությունը:

Բնականաբար, յուրաքանչուր մարդու խիստ հաճելի է ազատ նստել փափուկ բազկաթոռին, սակայն վարորդական նստելատեղին պետք է վերաբերվել իբրև աշխատանքային տեղի:

Եվ առհասարակ, շատ ավելի հարմար է վարել մեքենան ճիշտ հարմարեցված նստելատեղով:

Ստորև մենք կքննարկենք ժամանակակից մեքենաների նստելատեղերի հիմնական կարգավորումները.

  • նստելատեղի երկայնական դիրքի կարգավորումը
  • նստելատեղի թիկնակի թեքության կարգավորումը

Կան նաև լրացուցիչ կարգավորումներ, որոնք, սակայն, ոչ միշտ են պետք գալիս կամ ոչ բոլոր մեքենաներում են հանդիպում:

Դրանք են՝

  • նստելատեղի բարձիկի բարձրության կարգավորումը
  • նստելատեղի բարձիկի թեքության անկյան կարգավորումը
  • գոտկատեղային աջակցման կարգավորումը

Նստելատեղի երկայնական դիրքի կարգավորում

Կիպ նստեք վարորդական բազկաթոռին այնպես, որ ողնաշարը սեղմված լինի թիկնակին: Մինչև վերջ սեղմեք հպարգելման  ոտնակը: Ճիշտ կարգավորման դեպքում ոտքը պետք է մի փոքր ծալված լինի ծնկի հատվածում. այն չպիտի հասնի ոտնակին՝ ոտնաթաթի մատներով, բայց նաև շատ ծալված նույնպես չպիտի լինի: 

Եթե ձեր մեքենան ավտոմատ փոխանցման տուփով է, ապա աջ ոտքով հեթով սեղմեք արգելակման և գազի ոտնակները:  Նստելատեղի այնիսի դիրք փորձեք գտնել, որ ձեզ հարմար լինի ոտքով սեղմելը, բայց նաև կրունկը հատակից չ պոկվի:

Կա մեկ այլ տարբերակ ևս:

Ձախ ոտքով հենվեք հատակին՝ արգելակման ոտնակից ձախ՝ այնտեղ, որտեղ սովորաբար լինում է հպարգելման ոտնակը (մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենաներում):  Ինչպես առաջին դեպքում՝ ծունկը պետք է մի փոքր ծալված լինի: Հնարավորինս շատ առաջ մի եկեք. Մեքենայի դիմածածկոցի առջևի հատվածը դուք, միևնույն է, չեք տեսնի, իսկ այ  ղեկանվում «թաքնված» անվտանգության բարձիկներից ցանկալի է հեռու մնալ:

Որքան քիչ ծալված լինեն ձեր ոտքերն, այնքան հեշտ կկարողանաք կառավարել ոտնակները:

Այդ դիրքում որովայնն ու ազդրերը չպիտի դիպչեն ղեկին: Իսկ եթե դրանից խուսափել միևնույն է՝ հնարավոր չէ, ապա ստիպված եք կա՛մ ավտոմեքենան փոխել, կա՛մ էլ շտապ նիհարել:
 

Նստելատեղի թիկնակի թեքությունը

Թիակները կիպ սեղմելով նստելատեղի թիկնակին՝ մեկնած ձեռքը դրեք ղեկի վերևի հատվածում: Եթե այս դիրքում ձեր ձեռքի դաստակը դիպչում է ղեկանվի օղագոտուն, ուրեմն նստելատեղի թիկնակը ճիշտ է կարգավորված:

Ի դեպ, աշխատեք նստել ոչ թե կուզիկացած, այլ մի փոքր ետ թեքված: Ցանկալի է նստել հնարավորինս խորը՝ ձգված դեպի դեպի թիկնակի ու նստելատեղի անկյունը:

Իսկ եթե ձեր մեքենայի նստելատեղը թույլ է տալիս գոտկատեղային աջակցման կարգավորումն, ապա գոտկատեղի հատվածում ողնաշարի փոքրիկ կորացում ստացեք:

Ղեկանիվն ու նստելատեղի բարձրությունը

Ղեկանվի կարգավորման հնարավորություն ունենալու դեպքում այն անհրաժեշտ է կարգավորել այնպես, որ ղեկը «10 ու 2» դիրքում պահող դաստակները ուսերի մակարդակից քիչ ներքև գտնվեն: Սովորաբար որքան ցածր է գտնվում ղեկն, այնքան հարմար է այն պահելն ու այնքան քիչ են հոգնում ձեռքերը: Սակայն միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ղեկը չպիտի փակի սարքերի վահանակն ու չպիտի կպնի ոտքերին:

Եթե ձեր ավտոմեքենան հնարավորություն է տալիս կարգավորել նաև նստելատեղի բարձիկն, ապա այն փոքր ինչ բարձրացնելը թույլ կտա մի փոքր մեծացնել տեսադաշտը: Դրանում ոչ մի սխալ բան չկա, կարևորն այն է, որ մյուս բոլոր կարգավորումները նորմալ լինեն:

Գլխակալի կարգավորում

Երթևեկության ընթացքում վարորդի գլուխը չպիտի կպնի գլխակալին:

Վերջինիս հիմնական նշանակությունը ոչ թե գլուխն անընդհատ պահելն է, այլ՝ ՃՏՊ-ի ժամանակ՝ մեքենայի հետնամասի կողմից հարվածի դեպքում պարանոցային ողերի պաշտպանությունը: Ընդ որում՝ որքան բարձր է գլխակալն ու որքան մոտ է ծոծրակին, այնքան ավելի է արդյունավետ է պարանոցի պաշտպանվածությունը:

Ուստի՝ գլխակալը ցանկալի է բարձր տեղադրել, որպեսզի գլուխը ետ «գցելիս» պարանոցի միջին հատվածը գլխակալի միջնամասին կպնի:

Մասնագիտական գաղտնիքներ

Ղեկի մոտ նստելիս աշխատեք հաստ ձմեռային հագուստ չհագնել, որը ծավալուն միջնաշերտ կառաջացնի վարորդի մարմնի ու նստելատեղի միջև:

Ինչո՞ւ:

Ճանապարհածածկի անհարթությունները, թեքությունները, մեքենայի անվի ուղեկապումը ու շատ այլ՝ նման բաներ վարորդները զգում են մեջքով ու «հինգերորդ կետով» հենց նստելատեղից ստացած «ինֆորմացիայից»:

Ուստի՝ վարորդի մարմնի ու նստելատեղի միջև հաստ միջնաշերտը զրկում է վարորդին ավտոմեքենայի մասին ճիշտ ժամանակին ստացված կարևորագույն ինֆորմացիայից: Նույն պատճառով էլ X-Drive ավտոդպրոցի փորձառու ինստրուկտոները խիստ անցանկալի են համարում նստելատեղն արհեստականորեն բարձրացնել՝ վրան ինչ-որ բան տեղադրելով:

Դիտումներ: 989 | Տեգեր: անվտանգ երթեւեկություն, գլխակալի կարգավորում, նստելատեղի կարգավորում, ղեկանվի կարգավորում | Վարկանիշ : 5.0/3



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9