MENU
Գլխավոր էջ » blog »  Ինչպես ճիշտ կարգավորել ավտոմեքենայի հայելիները
Ինչպես ճիշտ կարգավորել ավտոմեքենայի հայելիները

Ինչպե՞ս ճիշտ կարգավորել ավտոմեքենայի հայելիները. այս հարցը հետաքրքրում է շատ վարորդների, մանավանդ նրանց, ովքեր բոլորովին վերջերս են սկսել սովորել կամ նոր-նոր են սովորում մեքենա վարել:

Անհրաժեշտ կարգավորումներն անելն այնքան էլ հեշտ չէ, սակայն այդ կարգավորումները շատ կարեւոր են, չէ՞ որ հենց դրանից է կախված տեսադաշտը մեքենայի շուրջ, ու, հետեւաբար՝ նաեւ անվտանգությունը:

Կողային հայելիների կարգավորում

Որպես կանոն՝  բոլոր 3 հայելիների կարգավորումները պետք է տալ միաժամանակ.

  • Հետին տեսադաշտի հայելի (տեղադրված է սալոնում)
  • Կողային աջ (արտաքին)
  • Կողային ձախ (արտաքին)

Կողային (ձախ) հայելու կարգավորման համար անհրաժեշտ է նստել վարորդի նստարանին, գլուխը թեքել ձախ: Ապա, նայելով պատուհանին՝ թեքել հայելին այնքան ժամանակ, մինչեւ նրանում կերեւա մեքենայի  ետեւի անվաթեւի մի մասը:

Աջ հայելին կարգավորելու համար գլուխը պետք է թեքել դեպի մեքենայի կենտրոն: Հայելիների նման կարգավորման նպատակն այսպես կոչված «կույր գոտիներից» խուսափումն է:

Պետք է նաեւ հիշել, որ կողային հայելիներին նայել (ինչպես նաեւ՝ գլուխը ետ դարձնել) կարելի է միայն այն դեպքում, երբ դուք վստահ եք, որ առջեւում անվտանգ է ու առաջիկա վայրկյանների ընթացքում ոչինչ չի փոխվի: Ընթացքում հայացքը կողմ կարելի է տանել միայն 1 վայրկյան, ո՛չ ավել:

Եթե կողային հայելու մեջ երեւում է մեքենայի ետեւի անվաթեւի մեծ մասն, ապա հայելին սխալ է կարգավորված, ինչը կարող է վթարի բերել:

Սալոնի հայելու կարգավորում

Սալոնի հայելի նախատեսված է ոչ միայն ետեւում ճանապարհի տեսադաշտի, այլեւ կողային հատվածի տեսադաշտի համար: Եթե սալոնի հայելին ճիշտ է կարգավորված, ապա նրա կենտրոնը սովորաբար համընկնում է ետեւի ապակում տեսանելիության կենտրոնական կետի հետ:

 

Հայելիների ճիշտ կարգավորումը ստուգելու համար խնդրեք որեւէ մեկին՝ ուղղակի անցնել մեքենայի շուրջբոլորով՝ նրանից 2 մետրի վրա ու հայելիների միջոցով նրան հետեւեք: Եթե մարդու պատկերը «կորում է» կողյաին հայելում ու միանգամից հայտնվում սալոնի հայելում կամ հակառակն, ուրեմն բոլոր կարգավորումները ճիշտ են:

«Կույր գոտիների» հետ պայքարի համար մասնագետները խորհուրդ են տալիս հայելիներին նայել՝ մարմինը փոքր ինչ թեքելով դեպի ղեկ: Այդպիսով տեսանելիության անկյունը մեծանում է:

Օգտակար խորհուրդներ

Երթեւեկության ընթացքում հայացքը նետեք հայելիներին  պարբերաբար, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ ուզում եք վերադասավորվել երթեւեկության այլ գոտի: Դա ձեզ թույլ կտա առավել տեղեկացված լինել ճանապարհին տիրող իրավիճակից ու ճիշտ կատարել չնախատեսված տեղաշարժերը (օրինակ՝ փոսի շրջանցման դեպքում):

 

 

Ավտոմեքենայում բոլոր հայելիների ճիշտ կարգավորման դեպքում «կույր գոտիների» թիվը նվազում է: Դուք կտեսնեք այլ տրանսպորտային միջոցը հետին հայելու մեջ, իսկ երբ այն սկսի ձեզ վազանցել, ապա նրա մի հատվածը կարտացոլվի սալոնի, մյուս հատվածն էլ՝ կողային հայելու մեջ: Դուք հեշտությամբ կվերադասավորվեք մեկ գոտուց մյուսը, իսկ վթարային իրավիճակի կտրուկ առաջացման վտանգը ճանապարհին էապես կնվազի:

Երբեք մի՛ կարգավորեք մեքենայի հայելիներն երթեւեկության ընթացքում:

X-Drive ավտոդպրոցի փորձառու ինստրուկտորները պնդում են, որ անգամ ճիշտ կարգավորված հայելիների պարագայում կան «կույր գոտիներ»: Որոշ դեպքերում մանեւրելուց առաջ ավելի ճիշտ է՝ հպանցիկ հայացք գցել ուսի վրայով, որպեսզի, օրինակ, չբախվեք մոտոցիկլետիստի կամ հեծանվորդի: Հետընթացի կամ շրջադարձի ժամանակ նույնպես օգտակար է գլուխը թեքելն ու իրավիճակը լրացուցիչ վերահսկելը:

Դիտումներ: 1399 | Տեգեր: կույր գոտի, կարգավորում, սկսնակ վարորդ, հայելիների կարգավորում | Վարկանիշ : 4.5/2



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9