MENU
Գլխավոր էջ » blog »  Ինչպե՞ս ճիշտ բռնել ավտոմեքենայի ղեկը
Ինչպե՞ս ճիշտ բռնել ավտոմեքենայի ղեկը

 

Փորձեք ցանկացած տարիքի երեխայի տալ շրջանաձեւ մի իր ու հավատացնել նրան, որ այն ավտոմեքենայի ղեկ է։ Վստահեցնում ենք ձեզ՝ նա հաստատ ինչ-որ ձեւ կբռնի «ղեկն» ու անհապաղ կսկսի «երթեւեկել»։ Գրեթե նույն կերպ կվարվի ցանկացած սկսնակ վարորդ՝ մոտավորապես ճիշտ բռնելով ավտոմեքենայի ղեկը։ Բայց, քանի որ մոտավորապես ավտոմեքենա վարելը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ, եկեք սովորենք, թե ինչպես ճիշտ բռնել այն կարեւոր հարմարանքը, որի միջոցով արդեն իսկ կարգավորում կամ մոտ ապագայում կարգավորելու եք ձեր ավտոմեքենայի ընթացքի ուղղությունը։

 

Ինչո՞ւ ճիշտ բռնել ղեկը

Գուցե հարց կառաջանա, թե ինչու է պարտադիր ավտոմեքենայի ղեկը բռնել որոշակի կերպով, եթե ցանկացած ձեւով այն բռնելու դեպքում էլ, այսպես, թե այնպես, հնարավոր է կարգավորել ավտոմեքենայի ընթացքի ուղղությունը։ Իրականում ավտոմեքենայի ընթացքի ուղղությունը մեծ ցանկության դեպքում ծնկներով եւս հնարավոր է կարգավորել, սակայն տվյալ դեպքում ոչ միայն գրեթե անհնար է վթարային իրավիճակներից անվտանգ դուրս գալը, այլեւ շատ հնարավոր է վթարային իրավիճակների մեջ ընկնելը։

Այսպիսով՝վթարային իրավիճակներում անվտանգության հիմքը հենց ավտոմեքենայի ղեկը բռնելու ճիշտ դիրքն է։ Երբ վարորդի ձեռքերը ղեկը բռնում են ճիշտ կերպով, ապա վթարային իրավիճակներում նա կարողանում է, առանց վայրկյան իսկ կորցնելու, ճիշտ կողմնորոշվել, արձագանքել, ավտոմեքենան կառավարել ու հնարավոր բախումից խուսափել։

Հավանաբար ուղեւորի կարգավիճակում բազմիցս ուշադրություն դարձրել եք վարորդների ձեռքերի դիրքերին եւ նկատել ղեկը բռնելու ամենատարբեր ու անգամ ունիկալ ձեւեր։ Ցավոք, վարորդներից շատերը ընտրում են ավտոմեքենայի ղեկը բռնելու ոչ թե ամենաանվտանգ, այլ իրենց համար ամենահարմար ձեւը. մի՛ վարվեք այսպես։

 

Ո՞րն է ղեկը բռնելու ճիշտ ձեւը

Նախեւառաջ, մեկընդմիշտ հիշեք՝ ավտոմեքենայի ղեկը բռնում են միայն ու միայն երկու ձեռքով։ Մեկ ձեռքով թույլ է տրվում վարել միայն այն դեպքերում, երբ ավտոմեքենայի խցիկում անհրաժեշտ է ինչ-որ բաներ վայրկենական միացնել կամ անջատել։

Հեռախոսով զրուցելով, հաղորդագրություններ ուղարկելով, սիրելիին գրկելով, ավտոմեքենայում ինչ-որ բաներ փնտրելով ու նմանատիպ մի շարք այլ գործողություններով կարելի է զբաղվել միայն այն ժամանակ, երբ ավտոմեքենան ընթացքի մեջ չէ։

Ինչ վերաբերում է ձեռքերի կոնկրետ դիրքին, ապա ավտոմեքենայի ղեկին նստելիս պատկերացրեք, որ ղեկը ժամացույցի թվատախտակ է։ Բարձրացրեք աջ ձեռքը՝ դիրքավորելով այն 2-ի, իսկ ձախն էլ՝ 10-ի վրա։ Արդյունքում, ըստ ղեկը բռնելու ձեր ձեռքերի դիրքի, ժամը պետք է 10:10 լինի։ Ընդորում, պետք չէ ձեռքերը պահել ուղիղ հորիզոնական դիրքով, քանի որ տվյալ դիրքում ձեռքերի մկանները շատ շուտ կլարվեն ու կհոգնեն, եւ շարժումներն էլ կլինեն կաշկանդված։ Խորհուրդ է տրվում ղեկը բռնել այնպես, որ աջ եւ ձախ ձեռքերն արմունկների հատվածում թեթեւակի ծալվածք ունենան։

Եթե անհրաժեշտություն կա ղեկն ինչ-որ պահի մեկ ձեռքով բռնելու, ապա տվյալ դեպքում գործողությունների ալգորիթմը հետեւյալն է՝ ձախ ձեռքը բարձնարում է 12-ի վրա, աջ ձեռքը հեռանում է գործողությունն իրականացնելու, աջ ձեռքը վերադառնում է, ձախը՝ իջնում է ներքեւ։ «Ժամը» կրկին 10:10 է։

Ղեկը բռնած ժամանակ ձեր բթամատերը կարող են ինչպես հենված լինել ղեկին, այնպես էլ՝ «գրկել» ղեկը։ X-Drive ավտոդպրոցի փորձառու մասնագետները խորհուրդ են տալիս վերը նշված տարբերակներից երկրորդը, քանի որ, երբ ձեռքի հինգ մատները «մեկ մատի պես» «գրկում են» ղեկը, ապա դողերի տակ քարեր ընկնելու կամ որոշակի ճանապարհային անհարթությունների վրայով երթեւեկելու ժամանակ ղեկը դուրս չի պրծնի ձեր ձեռքերից, եւ դուք կկարողանաք պահպանել ձեր ավտոմեքենայի շարժման հետագիծը։

Մի շատ կարեւոր նկատառում եւս. պետք չէ ձեռքերով «խեղդել» ավտոմեքենայի ղեկը, քանի որ սա եւս հանգեցնում է ձեռքերի մկանների լարվելուն ու հոգնելուն, սակայն պետք էլ չէ չափազանց թույլ բռնել այն, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, հերիք է ճանապարհային մի փոքր անհարթություն, ու ձեր մեքենան կդառնա անկառավարելի։

Դե ինչ, ամփոփելով նյութում տեղ գտած ինֆորմացիան, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ավտոմեքենայի ընթացքքի ժամանակ ղեկը պետք է բռնել միայն ու միայն երկու ձեռքով, աջ ձեռքը պետք է լինի մտացածին ժամացույցի թվատախտակի 2-ի, ձախը՝ 10-ի վրա, բթամատերը պետք «գրկեն» ղեկը, արմունկի հատվածը պետք է թեթեւակի ծալվածք ունենա, ու այս ամենը պետք է արվի առանց ղեկը «խեղդելու»։

Եվ ամենավերջում հիշեք, որ ավտոմեքենա վարելու արվեստն ամենեւին էլ զոհաբերություններ չի պահանջում։ Պարզապես պետք է ձեռքերի հետ միաժամանակ աշխատեն նաեւ ոտքերը, եւ, որ ամենակարեւորն է, ուղեղը։

 

Դիտումներ: 560 | Տեգեր: ճիշտ, ավտոմեքենայի, ղեկը, բռնել, Ինչպե՞ս | Վարկանիշ : 5.0/13



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9