MENU
Գլխավոր էջ » blog »  Ե՞րբ եւ որտե՞ղ է թույլատրելի ձայնային ազդանշանի կիրառումը
Ե՞րբ եւ որտե՞ղ է թույլատրելի ձայնային ազդանշանի կիրառումը

2016 թվական։ Երեւան։ Խցանում։ Վարորդներն ու ուղեւորներն իրար հետեւից անշարժ շարված տրանսպորտային միջոցներում սպասում են խցանման ցրվելուն։ Եվ մեկ էլ… ձայնային ազդանշան. լցվել է վարորդներից մեկի համբերության բաժակը։ Ապա լցվում է եւս մեկինը, հետո՝ երրորդինը… ու այսպես շարունակ… ու այսպես ձայնային ազդանշանը ձայնային ազդանշանի հետեւից։ Լավագույն դեպքում տեսարանը կմնա անփոփոխ՝ մինչեւ խցանման ցրվելը, իսկ վատագույն դեպքում՝ ձայնային ազդանշաններին կխառնվեն նաեւ անպարկեշտ խոսքեր՝ կրկին մինչեւ խցանման ցրվելը։ Արդյունքում կնյարդայնանան ներկա բոլոր վարորդներն ու ուղեւորները, կխախտվի մոտակայքում ապրող ու աշխատող քաղաքացիների անդորրը։ Իսկ անհարմար իրավիճակի գլխավոր մեղավորը ոչ թե խցանումն էր (մեր օրերում խցանումներն անխուսափելի են), այլ այն անհամբեր վարորդը, ով հավանաբար չգիտեր, կամ մոռացել էր, որ ձայնային ազդանշանի կիրառումը թույլատրելի է միայն ու միայն հատուկենտ դեպքերում։


Փորձենք կիրառել

Առօրյա երթեւեկության ընթացքում տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց հետ հաճախ փոխհարաբերվելու կարիք են ունենում։ Ցավոք, մերօրյա վարորդների ճնշող մեծամասնությունը որպես շփման միջոց հիմնականում նախընտրում է ոչ թե թույլատրելիները, որոնցից են` լուսարձակների լույսերի թարթումը, շրջադարձի ցուցիչների կիրառումն ու ամենապարզ ժեստիկուլյացիան, այլ հաճախ անթույլատրելի ձայնային ազդանշանի կիրառումը։ 

Իրականում ձայնային ազդանշանի սարքը չափազանց կարեւոր է ցանկացած տրանսպորտային միջոցի համար, այնքան կարեւոր, որ դրա չաշխատելու դեպքում անգամ արգելվում է տրանսպորտային միջոցների շահագործումը։ Եվ սա իր բացատրությունն ունի, որին կանդրադառնանք քիչ անց։  

Իսկ հիմա ինչ վերաբերում է ձայնային ազդանշանների կիրառմանը...

Եվ ասպես, ըստ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երկթեւեկության կանոնների՝ ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն՝ 

1. բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար,

2. այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

Տվյալ դեպքում առաջին կետն այնքան էլ ենթակա չէ քննարկման, քանի որ, համաձայն ճանապարհային երկթեւեկության նույն կանոնների՝ վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարող է նաեւ տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է օրվա լուսավոր ժամանակ լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը, իսկ օրվա մութ ժամանակ` լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի:

Իսկ ինչ վերաբերում է երկրորդին...

Նախեւառաջ ձայնային ազդանշանների արձակումն ինքնին հանրային վնասակարության բարձր աստիճան ունի. վերջիններիս կիրառման կանոնները խախտելու արդյունքում վտանգվում է ճանապարհային երթեւեկությունը, ստեղծվում են վթարային իրադրություններ, եւ խախտվում է քաղաքացիների անդորրը։ Հենց այս իսկ պատճառով էլ ձայնային ազդանշանների կիրառումը թույլտրելի է միայն ու միայն այն դեպքերում, երբ առկա է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու անհրաժեշտություն։ 

Օրինակ, մեկ այլ տրանսպորտային միջոց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու, հետընթաց վարման, կամ մեկ այլ պատճառով ուր որ է բախվելու է ձեր վարած տրանսպորտային միջոցին։ Այս դեպքում էական չէ այլեւս՝ բնակավայրում եք դուք, թե բնակավայրից դուրս, օրվա լուսավոր ժամանակ է, թե մութ ժամանակ, ձեզնից պահանջվում է հնարավորինս շուտ կիրառել ձայնային ազդանշան ու հնարավորինս շուտ փորձել կանխել հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարը։ 

Հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ կարող են կանխվել տեղին ու ժամանակին կիրառված ձայնային ազդանշանների շնորհիվ, արգելվում է այն տրանսպորտային միջոցների շահագործումը, որոնց ձայնային ազդանշանի սարքը չի աշխատում։

Այնպես որ` զգոն եղեք ինչպես ձեր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ, այնպես էլ մինչեւ տրանսպորտային միջոցի ընթացքը սկսելը։


Եվս մեկ փաստ.

Ի դեպ, տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատսխանող ձայնային ազդանշաններ արձակելու սարքեր տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի եւ հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), ինչպես նաեւ շարժման ընթացքում դրանք օգտագործելը եւս անթույլատրելի է։

Դիտումներ: 207 | Տեգեր: Сигнал, dzaynayin azdanshan, автошкола, avtodprots, вождение, signal, avtodproc, ձայնային ազդանշան | Վարկանիշ : 5.0/6



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն