MENU
Գլխավոր էջ » blog »  Այն ամենը, ինչ պետք է իմանալ ամառային եւ ձմեռային անվադողերի մասին
Այն ամենը, ինչ պետք է իմանալ ամառային եւ ձմեռային անվադողերի մասին

Չնայած՝ ձմեռը նոր է սկսվել, դեռ մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում եւ խորհուրդ էր տալիս մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ինչո՞ւ։ Ո՞րն է ամառային ու ձմեռային անվադողերի միջեւ տարբերությունը։ Ինչո՞ւ է վտանգավոր ամառային անվադողերի օգտագործումը ձմռանը (...ու անգամ ձմեռային անվադողերի օգտագործումը ամռանը)։ Հետաքրքրե՞ց։ Ուրեմն, ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ամառային եւ ձմեռային անվադողերի մասին։

 

Ամառային vs. ձմեռային 

Ինչպես արդեն, ամենայն հավանականությամբ, տեղյակ եք, անվադողերը լինում են հիմնականում երկու տեսակի՝ ամառային եւ ձմեռային։ Վերջիններս միմյանցից տարբերվում են ինչպես պահպանաշերտի բաղադրության խառնուրդներով, այնպես էլ՝ պահպանաշերտի նախշանկարներով։ 

Եվ այսպես, սկսենք հենց առաջին տարբերությունից…

 

Անվադողերի պահպանաշերտի բաղադրության խառնուրդները

Որքան էլ` զարմանալի կհնչի, իրականում ամառային ու ձմեռային անվադողերի հարցում կարեւորը ոչ այնքան անվադողերի արտաքին տեսքն է՝ պայմանավորված պահպանաշերտի նախշանկարներով, որքան «ներքինը»՝ պայմանավորված պահպանաշերտի բաղադրության խառնուրդներով։

Չնայած՝ հասկանալի պատճառներով ամառային անվադողերը արտաքանպես տարբերվում են ձմեռային անվադողերից, այս երկու տեսակի հիմնական ու ամենակարեւոր տարբերությունն այն է, որ ամառային անվադողերի պահպանաշերտի բաղադրության խառնուրդը կոշտ է՝ նախատեսված տաք եղանակի՝ ասֆալտի համար, իսկ անվադողերի պահպանաշերտինը՝ փափուկ՝ նախատեսված ցուրտ եղանակի՝ ձյան համար։

Տրամաբանությունը հետեւյալն է.

Փափուկ խառնուրդ - անվադողերի շփման բարձր գործակից ցուրտ եղանակին եւ շփման ցածր գործակից տաք եղանակին,

Կոշտ խառնուրդ - անվադողերի շփման բարձր գործակից տաք եղանակին եւ շփման ցածր գործակից ցուրտ եղանակին։

Ասպիսով, պետք է մեկընդմիշտ հիշել, որ  ձմեռային անվադողերի օգտագործումը ամռանը նույնքան վտանգավոր է, որքան ամառային անվադողերի օգտագործումը ձմռանը։ 

Հենց վերը նշված պատճառով էլ երբեք գումար մի խնայեք եղանակին համապատասխան անվադողեր ձեռք բերելու համար, քանի որ ավտոմեքենան ու ճանապարհը իրար կապող միակ օղակը ավտոմեքենայի անվադողերն են, հետեւաբար հենց անվադողերն են պատասխանատու ձեր ու ձեր ուղեւորների անվտանգության համար։

 

Անվադողերի պահպանաշերտի նախշանկարները

Սա, կարծում ենք՝ եւս զարմանալի է հնչելու, բայց անգան անվադողեր արտադրողները նշում են, որ անվադողերի պահպանաշերտի նախշանկարները հիմնականում մարքեթինգային գործիք են, որ օգնում են սպառողին տարբերել ամառային անվադողերը ձմեռայիններից (դժվար թե նույն արտաքին տեսքն ունեցող անվադողերին նայելիս հնարավոր լիներ հասկանալ դրանց պահպանաշերտի բաղադրության խառնուրդները)։:

Ամեն դեպքում, իհարկե, ամառային անվադողերի պահպանաշերտը համեմատած հարթ եզրերով է, եւ ակոսների խորությունն էլ շատ ավելի փոքր է քան ձմեռային անվադողերինը, սակայն դրանց նախշանկարները անվտանգության հարցում գրեթե ոչ մի դեր չեն խաղում։ 

Այսինքն՝ անվադողերի պահպանաշերտի թեկուզ անգամ ամենամոդայիկ ու ժամանակակից նախշանկարները դեռ չեն նշանակում, որ անվադողերը անվտանգ կլինեն ասֆալտի կամ ձյան պայմաններում։ 

Այսպիսով, երբեք մի ընտրեք անվադողեր՝ «հրապուրվելով» դրանց պահպանաշերտի նախշանկարներով։

Հիշեք՝ անվադողերի պահպանաշերտի նախշանկարների ու դրանց բաղադրության՝ եղանակին համատասխան խառնուրդի համադրության դեպքում միայն կարող եք վստահ լինել, որ ձեր ավտոմեքենային բաժին են հասել ձեր ու ձեր ուղեւորների անվտանգությունն ապահովող անվադողեր։

 

Ամառային ու ձմեռային անվադողերի մասին խոսելիս կարեւոր է նաեւ անդրադառնալ անվադողների պահպանաշերտի մաշվածությանը, ինչպես նաեւ անվադողերի ճնշմանը։

Եվ այսպես…


Անվադողերի պահպանաշերտի մաշվածությունը

Ինչպես շատերիդ հայտնի է, անվադողերի պահպանաշերտի մաշվածությունը նույնպես ունի իր ազդեցությունն անվադողերի շփման գործակցի վրա։ Գոյություն ունի մեծ տարածում գտած, սակայն իրականությանը ամենեւին չհամապատասպանող մի փաստ։ Այն է.

Ամբողջովին մաշված պահպանաշերտով անվադողերը ունեն շփման ցածր գործակից, քանի որ «զրկված են» իրենց նախշանկարից։ 

Մինչդեռ իրականությունը հետեւյալն է.

Ամբողջովին մաշված պահպանաշերտով անվադողերն ունեն շփման ցածր գործակից միայն այն պատճառով, որ պահպանաշերտի բաղադրության՝ եղանակին համապատասխան խառնուրդը գտնվում է պահպանաշերտի արտաքին, մակերեսային շերտում։ Այսինքն, երբ անվադողի պահպանաշերտը մաշվում է, այն զրկվում է իր բաղադրության՝ եղանակին համապատասխան խառնուրդից։ Ճիշտ է, անվադողերի պահպանաշերտի բաղադրության՝ եղանակին համապատասխան խառնուրդի շերտից հետո սկսվում է բաղադրության մեկ այլ խառնուրդի շերտ, որը, սակայն, ի վիճակի չէ ապահովել անվադողերի շփման բարձր գործակից։

Այսպիսով, պետք չէ վախենալ որոշակի մաշվածություն ունեցող պահպանաշերտով անվադողերով երթեւելուց, սակայն ամբողջովին մաշված պահպանաշերտով անվադողերով երթեւեկելը ոչ միայն վտանգավոր է, այլեւ համարվում է օրենքի խախտում։

Այս պատճառով էլ միշտ հետեւեք ձեր ավտոմեքենայի անվադողերի պահպանաշերտի մաշվածությանն ու մաշված պահպանաշերտով անվադողերը ժամանակին  փոխարինեք նորերով։  

 

Անվադողերի ճնշումը

Անվադողերի ճնշումը եւս ունի իր ազդեցությունը դրանց շփման գործակցի վրա, ու միայն ճիշտ քանակությամբ ճնշման դեպքում այն կարող է անվստանգ լինել։

Անվադողերում ճնշման չափից դուրս կամ անբավարար քանակությամբ օդ լինելը կարող է բացասական անդրադառնալ անվադողերի վրա, եւ դա տեղի կունենա հետեւյալ կերպ.

Անբավարար քանակությամբ օդ անվադողերում => անվադողերի դեֆորմացիա => անվադողերի անժամանակ մաշվածություն կողային հատվածներում  => անվադողերի ջերմաստիճանի ոչ նորմալ բարձրացում => անվադողերի շփման գործակցի իջեցում  => վառելիքի ծախսի մակարդակի բարձրացում։

Եվ...

Օդի չափից ավելի քանակություն անվադողերում => անվադողերի դեֆորմացիա => անվադողի առանցքային հատվածի  շուտափույթ մաշվածության => անվադողերի շփման գործակցի իջեցում => թույլ ամորտիզացիա։

Ի դեպ...

Ըստ Մենդելեև-Կլապեյրոնի հավասարման՝

PV=RT   

որտեղ  P-ն ճնշումն է, V-ն գազի մոլային ծավալը, R-ն ունիվերսալ գազային հաստատունը եւ T-ն ջերմասիտիճանը։ Հետեւաբար ջերմաստիճանի բարձրացման դեպքում բարձրանում է նաեւ դրա ճնշումը, եւ հակառակը՝ նվազման դեպքում ճնշումը նվազում է։ Այսինքն՝ եթե 0 աստիճանի պայմաններում ձեր ավտոմեքենայի անվադողերում ճնշումը օպտիմալ է, ապա  -15-ի դեպքում պետք է այդ ճնշումը նվազեցնել։ 

Այսպիսով, պարբերաբար՝ երկու-երեք շաբաթը մեկ պարտադիր ստուգեք ձեր ավտոմեքենայի անվադողերի ճնշումը։ Ուշադրություն դարձրեք եղանակային պայմաններին ու միշտ փորձեք ձեր ավտոմեքենայի անվադողերի ճնշումը համապատասխանեցնել դրանց։ 

Հիշեք նաեւ՝ անվադողերի ճնշումը պետք է ստուգել, երբ անվադողերը սառը վիճակում են՝ ամենաքիչը երթեւեկությունից 2 ժամ անց, քանի որ թեկուզ անգամ ընդամենը 1 կմ ընթացքից հետո օդն անվադողերում տաքանում է, որի հետեւանքով էլ ճնշումը բարձրանում է, ու այն ստուգելու ժամանակ դուք ստանում եք ոչ ճշգրիտ պատասխան։

 

 

Դիտումներ: 448 | Վարկանիշ : 5.0/4



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն