Ի՞նչ են նշանակում կարգավորողի ազդանշանները
Մեզնից յուրաքանչյուրը վարորդի կամ հետիոտնի կարգավիճակում առնվազն գոնե մեկ անգամ ականատես եղել է կարգավորողի ազդանշաններին։ Մեզնից շատերն էլ, տեսնելով դրանք, առնվազն գոնե մեկ անգամ խուճապի են մատնվել։ Իսկ խուճապի հիմնական, եթե ոչ միակ մեղավորը մեկն է. ցավոք, ժամանակակից վարորդներից եւ հետիոտներից շատերը պարզապես ծանոթ չեն կարգավորողի ազդանշանների նշանակություններին: Ու հենց այս պատճառով էլ կարգավորողները հաճախ ճանապարհային երթեւեկության կանոններով հաստատված ազդանշանները կիրառելու փոխարեն ստիպված փորձում են հնարավոր բոլոր հասկանալի ձեւերով բացատրել, թե որ ուղղություններով է թույլատրվում կամ արգելվում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ու հետիոտների տեղաշարժը։ Ձեռքերի լրացուցիչ ու կտրուկ շարժումներ, սուլիչի լրացուցիչ ու բարձր ձայներ... սրանք հատկապես շփոթության մեջ են գցում սկսնակ վարորդներին։ Բայց արի ու տես, որ կարգավորողի ազդանշաններն ընդամենը մի քանիսն են ու իրականում շատ ավելի պարզ են, քան շատերս կարծում ենք, եւ դրանք մեկընդմիշտ հիշելու դեպքում ինչ-որ չափով կթեթեւացնենք ինչպես վարորդներիս ու հետիոտներիս, այնպես էլ՝ կարգավորողների գործը։